Հայ-ճապոնական խորհրդարանական փոխգործակցությունը վերջին տարիներին զարգացման կարեւոր փուլ է թեւակոխել, ինչն իր դրական ազդեցությունն ունի երկու երկրների համագործակցության վրա: Այս մասին, հունվարի 30-ին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած խորհրդարանական պաշտոնական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ հույս հայտնել, որ հայ-ճապոնական արդյունավետ համագործակցությունը կխորանա նաեւ միջազգային բազմակողմ հարթակներում:
Գալուստ Սահակյանը Շինձո Աբեին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան այցի պաշտոնական հրավերը: Ճապոնիայի վարչապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել ՀՀ Նախագահին եւ նշել, որ երկու երկրների համագործակցությունն այժմ գտնվում է բարձր մակարդակում: Վարչապետ Շինձո Աբեն նշել է, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետության հետ առավել խորացնել եւ զարգացնել համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն քննարկել են նաեւ տնտեսության, առեւտրի, մշակույթի եւ տուրիզմի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ նախանշել այլ ոլորտներում համագործակցության հնարավոր ուղիները:



























