Կաթոլիկ քահանա Ռենե Ռոբերտը, որը գնդակահարվել է 2016 թվականի ապրիլին, դեռեւս 1995 թվականին ստորագրել է, այսպես կոչված, «կյանքի հռչակագիր», որով, ըստ էության, այն ստորագրող մարդը խնդրում է բռնի մահվան դեպքում, մահապատժի չդատապարտել այն իրագործող մարդկանց, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՆ-ում «կյանքի հռչակագիրը» սովորաբար ստորագրում են մահապատժի հակառակորդները: Տեքստում նշված է, որ մարդասպանին չի կարելի է մահապատժի ենթարկել՝ որքան էլ սարսափելի լինի հանցագործությունը եւ որքան սաստիկ լինեն զոհի տառապանքները:

Ռոբերտի գրեթե մեկ տասնյակ գործընկերներ, այդ թվում՝ արքեպիսկոպոս Ուիլթոն Գրեգորին եկել են Ջորջիա նահանգի Օգասթա քաղաքի դատարանի շենքի մոտ՝ դատավորներին հայտնելու Ռոբերտի դիրքորոշման մասին: Նրանց խոսքով՝ քահանան, ասես կանխատեսելով սեփական ճակատագիրը, պնդել է, որ մահապատժի նկատմամբ իր վերաբերմունքը կցվի իր անձնական գործին:

Քահանաները դատարան միջնորդագիր են ներկայացրել, որը ստորագրել է 7,5 հազար ծխական: Քահանայի ընկերները նշել են, որ նա ամբողջ կյանքում մարդկանց օգնել է, այդ թվում՝ նախկին դատապարտյալներին եւ հոգեկան հիվանդներին:

71-ամյա Ռենե Ռոբերտի գնդակներից ծակծկված մարմինը հայտնաբերվել է 2016-ի ապրիլին անտառում:

Նրան սպանել է Սթիվեն Մյուրեյը, ում նա մի քանի տարի օգնել է: Սպանությունից հետո նա առեւանգել էր քահանայի մեքենան, որի ղեկին էլ հանցագործը հայտնաբերվեց մեկ օր հետո, երբ քահանայի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:

Դատարանում Մյուրեյը հայտարարել է, որ հոգեկան խնդիրներ ունի եւ ներում է խնդրել: