Փետրվարի 1-ից սկսվել են սոցիալապես անապահով ընտանիքների՝ հունվարի համար նախատեսված նպաստի վճարումները: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարի խոսքով, ամեն տարի հունվարի նպաստը տրվում է փետրվարի 1-ին կամ հունվարի վերջին, որը պայմանավորված է նրանով, որ առաջին աշխատանքային օրը եղել է հունվարի 9-ը եւ դրանով պայմանավորված եւ տվյալ ամսվա բազաների ձեւավորումը, տարածքային կենտրոնները այցելությունները մեկ շաբաթ ուշ է սկսվել:
«Բոլոր գործակալություններն այս ընթացքում առավելագույն օպտիմալ ժամկետում իրականացրեցին բոլոր գործընթացները, որպեսզի քաղաքացիներն օր առաջ իրենց հասանելիք վճարները ստանան»,-ասել է նախարարը:
Արտեմ Ասատրյանը նշել է, որ փետրվարի 4-ից էլ կսկսվեն կենսաթոշակների վճարումները:
Նշենք, որ սովորաբար նպաստները վճարվում են տվյալ ամսվա 25-27-ին, սակայն հունվարին դեռեւս նպաստները չեն բաժանվել:




























