Կանադական կողմը նպատակադրված է կազմակերպել նաեւ հայ բիզնեսմենների այց Կանադա` տեղում գյուղատնտեսության բնագավառում  երկրի փորձը ուսումնասիրելու եւ գործարար կապեր հաստատելու նպատակով: Այս մասին, հունվարի 31-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Քյուրին:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում դեսպան Քյուրին ընդգծել է, որ համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական հարաբերությունների առաջնային ուղղություններից է, եւ կանադական կողմը մտադիր է ակտիվացնել գործարար կապերը Հայաստանում:

Նշելով, որ այս տարի լրանում է ՀՀ-ի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը` դեսպանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ, այդ թվում` նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Այդ նպատակով Ջոն Քյուրն առաջարկել է Կանադայի անասնաբուծության գենետիկ ասոցիացիայի, Կանադայի խոզի մսի եւ Կանադայի անասնակերի եւ արոտավայրերի ասոցիացիայի եւ Հայաստանի Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի (CARD) միջեւ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել մարտին Երեւանում:

Հուշագրի ստորագրումից բացի, նախատեսվում է նաեւ կանադացի գործարարների այց Հայաաստան:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջեւ ագրոպարենային համալիրում ձեւավորված սերտ համագործակցության առթիվ: Երկկողմ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով նախարարն առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը` պատրաստի արտադրանքը հետագայում ԵՏՄ երկրներ արտահանելու հեռանկարով:

«Մենք ուրախ ենք, որ կանադական ագրարային բիզնեսը մուտք է գործում Հայաստան, եւ մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս աջակցել երկկողմ ծրագրերի իրականացմանը», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում Կանադայի հետ համագործակցության առավել հեռանկարային ճյուղերին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը, մասնավորապես մատնանշել է տավարաբուծության եւ խոզաբուծության ոլորտները: Կարեւորելով Կանադայում մասնագիտացված ճյուղային խորհուրդների մեծ ազդեցությունը մասնավոր հատված-պետութուն հարաբերություններում` նախարարն ընդգծել է, որ այս հարցում կանադական փորձն ուսանելի է Հայաստանի համար եւ հայկական կողմը կուսումնասիրի դրա տեղայնացման հնարավորությունը Հայաստանում:

Հանդիպման ընթացքում դեսպան Ջոն Քյուրն առաջարկել է Իգնատի Առաքելյանին այցելել Կանադա` իր գործընկերոջ հետ հանդիպելու եւ փոխգործակցության շրջանակների ընդլայնման  նպատակով: