Ցյուրիխի  դաջվածքի սրահներից մեկի նախկին մենեջեր Թիմ Սթայները դարձել է արվեստի «քայլող» նմուշ։ Ինչպես նշում է BBC–ն, մի քանի տարի առաջ Թիմը իր մեջքը տրամադրել էր Բելգիացի նկարիչ, դաջվածքի մասնագետ Վիմ Դելվոյեին։ Արդյունքում, Թիմի մեջքին հայտնվել է արվեստի նմուշ, որը նա արդեն վաճառել է գերմանացի մի կոլեկցիոների 150 հազար եվրոյով։

Թիմի խոսքով, մի քանի տարի առաջ իր ընկերուհին պատահաբար հանդիպել է Վիմ Դելվոյեի հետ, որը բողոքել է, թե չի կարողանում իր աշխատանքի համար գտնել «մարդկային կտավ»։ Աղջիկը զանգահարել է Թիմին, որը առանց երկմտելու համաձայնել է։ 40 ժամ անց նրա մեջքին հայտնվել է Աստվածամոր պատկերը՝ մեքսիկական ոճով արված։

Արվեստի գործը 150 հազար եվրոյով գնել է գերմանացի կոլեկցիոներ Ռիք Ռայքինգը։ Պայմանագրի համաձայն, Թիմի մահից հետո նրա մեջքի կաշին կտեղադրել շրջանակի մեջ եւ կփոխանցեն Ռայքինգին։ Իսկ մինչ այդ Թիմը պետք է մասնակցի ցուցահանդեսների, որտեղ, գոտկատեղից վեր մերկանալով՝ ներկայացնի սեփական մարմնի վրա պատկերված արվեստի գործը։