Եվրամիության «լուռ դիվանագիտությունը» ավելի է լուռ դարձել: Ուշագրավ է, որ Բրյուսելը շի շտապում հանրությանը տեղեկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա այցի մասին, որը Բրյուսել է ժամանել փետրվարի 6-ին, որ անձամբ բացի ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ նոր համաձայնագրին վերաբերող բանակցությունները: EU Observer-ում հրապարակված հոդվածում նշել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի գծով տնօրեն Գեորգի Գոգիան:

Հեղինակի խոսքով՝ Բաքվի կողմից թափանցիկության բացակայությունն արդեն անակնկալ չէ: Ադրբեջանի իշխանությունները ծայրահեղ թշնամաբար են տրամադրված քննադատներին, ընդդիմադիր ակտիվիստներին, լրագրողներին եւ մյուս այլախոհներին:

«Սակայն Ալիեւի այցի գաղտնիությունը ենթադրում է, որ թափանցիկության հանդեպ Բաքվի խորապես խնդրահարույց մոտեցումները փոխանցվել են նաեւ ԵՄ-ին: ԵՄ-ն իսկապե՞ս այդքան արագ հրաժարվում է թափանցիկության եւ պատասխանատվության սեփական հայացքներից: Ըստ երեւույթին՝ այո»,- գրում է հեղինակը:

Գոգիան նշել է, որ ավելի քան տասնյակ պաշտոնական հանդիպումների ընթացքում, որոնց Բրյուսելում մասնակցել է հունվարի 26-ին եւ 27-ին, պաշտոնյաները չափազանց գաղտնապահ էին Ալիեւի այցի հետ կապված:

«Հենց հասկացանք, որ այցը կայանալու է, ինչ-որ տեղեկություն պահանջեցինք, բայց պաշտոնյաները եւ դիվանագետները կտրականապես հրաժարվեցին»,- նշել է նա:

Դիվանագետներից մեկն, այնուամենայնիվ, խոստովանել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցի մասին տեղեկատվությունը դուրս չի գա եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության սուրբ պատերի սահմաններից: Ըստ նրա՝ միայն անցյալ շաբաթ է այցի մասին պաշտոնապես հայտնի դարձել, երբ թարմացվել է Եվրահանձնաժողովի նախահահի օրացույցը:

«ԵՄ-ը վախենո՞ւմ է Բրյուսել Ալիեւի այցի հրապարակայնացումից, Ադրբեջանի մարդու իրավունքների ոլորտում անխուսափելի քննադատությունից եւ բարեփոխումներ անցկացնելու ԵՄ-ի անհաջողությունից: Հնարավոր է՝ վախենում է, բայց նրանք արժանի են քննադատության, կարծում է Գոգիան:

Նրա կարծիքով, ԵՄ-ին կարծես այնքան էլ չի մտահոգում իրավապաշտպանների վրա հարձակումների առիթով Ադրբեջանին ուղղված քննադատությունը, այլ ավելի շատ մտահոգում է տնտեսական շահույթը, որը ստանում է Բաքվի հետ հարաբերություններից: Մինչդեռ ԵՄ-ի պաշտոնյաները, որոնք պատրաստվում են ադրբեջանցի առաջնորդի առաջ կարմիր գորգ փռել, պետք է համոզվեն, որ հարաբերությունների խորացումը համապատավսխանում է ժողովրդավարության իրենց սեփական սկզբունքներին, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքները պաշտպանելուն: