Համածառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար 3 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված ժամկետային զինծառայողն իր մեղավորությունն ամբողջությամբ ընդունում է: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպանը:

«Փորձաքննությամբ ապացուցվել է, որ իմ պաշտպանյալը նույնասեռական չէ, առանց գիտակցելու է այդ քայլին դիմել: Դատարանն էլ, հաշվի առնելով, որ իմ պաշտպանյալն ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, երկրորդ կուրսի ուսանող, նորմալ վարքի տեր, պայմանական ազատազրկում է նշանակել»,- ասաց նա:

Պաշտպանի խոսքով` մեղադրող կողմը վճռի հետ համաձայն չէ եւ վերաքննիչ բողոք է ներկայացրել` պահանջելով 3.5 տարվա ազատազրկում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ ժամկետային զինծառայողը դա կատարել է մայիսի 8-ին` զինծառայողի կամքին հակառակ:

Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով: Նա կալանավորված էր: