Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում վագոններով բեռների փոխադրման սակագները կնվազեն:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստան և Հայաստանից մեկ վագոնի լաստանավով փոխադրման սակագինը կկրճատվի միջինում 2 հազար դոլարով:

«ՀԿԵ» ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Դմիտրի Գվոզդևն ասել է, որ զեղչերը տարբերակված են և հաստատվելու են տարբեր բեռների համար անհատապես: Բեռների որոշ տեսակների համար սակագները կիջնեն 80%-ով:

Նվազելու են, մասնավորապես, հացահատիկի, անասնակերերի, սպիրտի և կոնյակի, մակարոնեղենի, պեռլիտի, հյութերի և հանքային ջրերի փոխադրման սակագները:

Այսպիսով, երկաթուղալաստանավային փոխադրումների սակագների նվազումը վերաբերվելու է Հայաստան և Հայաստանից բեռնափոխադրումներ կատարող բոլոր ներմուծող-արտահանողներին:

Նշվում է նաև, որ բացի այն, որ լաստանավային բեռնափոխադրումները ավտոմոբիլայինների հետ համեմատ էապես էժանացել են, դրանք ավելի անվտանգ են ու հուսալի: Կավկազ-Փոթի հաղորդակցությունում լաստանավային փոխադրումները փետրվարի 10-ից իրականացվելու են ամիսը 3 անգամ՝ ըստ չվացուցակի: Փոխադրումներն իրականացվելու են առանց ուշացումների՝ անբարենպաստ եղանակային պայմանների և Վերին Լարսում հաճախ կուտակվող երկար հերթերի պատճառով, ինչպես դա լինում է ավտոտրանսպորտի պարագայում:

Երկաթուղալաստանավային փոխադրումներն առավել օպտիմալ են լոգիստիկայի  տեսանկյունից, քանի որ չեն պահանջում բեռների լրացուցիչ վերաբեռնում երկաթուղային տրանսպորտից ավտոմոբիլային և կատարվում են վագոններով միայն երկաթուղով:

Առաջարկվող զեղչերը թույլ կտան նաև կրճատել ապրանքների վերջնական արժեքը, ինչը ձեռնտու է և՛ հայկական սպառողներին, և՛ տեղական արտադրողներին:

Զեղչերը կիրառվելու են ոչ միայն Ռուսաստանից Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների, այլև Հայաստանի տարածքով Ռուսաստանից Իրան, ԱՊՀ երկրներից Ռուսաստանի տարածքով Հայաստան եկող բեռների համար: