Հայաստանի կենսաթոշակային կուտակային համակարգը հղի է արժութային մեծ ռիսկերով: Այս մասին փետրվարի 7-ին՝ խորհրդարանում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ կենսաթոշակային բարեփոխումը նախատեսում է 30-40 տարվա ներդրումներ: Սակայն նման ժամկետով աշխարհում ոչ ոք ներդրումներ չի կատարում, քանի որ գործնականում անհնար է ռիսկերը կանխատեսել:
«Նույնիսկ ԱՄՆ-ում ամեն 10 տարին մեկ թույլ է տրվում կենսաթոշակային հաշիվները կապիտալիզացնել: Սրա ֆոնին Հայաստանը փորձում է իր արժույթը կայուն պահել: Դրամով գները կայուն են, բանկային ակտիվներն աճում են, իսկ դոլարով անխուսափելիորեն արժեզրկվում են: Իսկ դուք ասում եք, թե համաձայն եք 2020 թվականից հետո մտնել ռուբլու գոտի: Նայեք գոնե, թե ռուսներն ինչպես են կառավարում իրենց արժույթը: Երբ նավթի գինն սկսեց ընկնել, նրանք գոնե խելք ունեցան ռուբլին արժեզրկելու համար: Խելքը բավականացնում է նավթից արժույթը ստերիլացնելու համար (հանել շրջանառությունից՝ դեպոզիտի եւ ԿԲ ֆինանսական գործիքների ներգրավման ճանապարհով), իսկ հետո երբ պետք լինի, օգտագործելու: Իսկ ձեր քաղաքականությունը միանգամայն այլ է: Ի՞նչ եք անելու: Դա Մոսկվայում բացատրեք»,- ասաց Բագրատյանը:


























