Հայաստանում հիփոթեքային վարկավորման վերաֆինանսավորումը էականորեն կպարզեցվի: Այս մասին փետրվարի 7-ին՝ խորհրդարանում «Բնակարանային հիփոթեքային վարկավորման մասին» օրինագիծը ներկայացնելիս հայտարարեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Օրինագիծը քննում է վարկառուների իրավունքները եւ սահմանափակում բանկերի պահանջները: Մասնավորապես՝ հիփոթեքը կարելի է մի բանկից մեկ այլ բանկ տեղափոխել: Դրա համար տույժերը պետք է չնչին լինեն, իսկ եթե վարկը 3 տարուց ավելի ժամկետով է, այն ընդհանրապես չպետք է լինի: «Այսինքն՝ եթե հաճախորդը հիփեթոքի համար մի բանկում է վճարում, բայց մեկ այլ բանկից լավ առաջարկ է ստանում, նա կարող է նոր վարկ վերցնել, վաղաժամկետ մարել հինը եւ լավ պայմաններով անցնել նոր բանկ: Հիմա էլ դա կարելի է անել, սակայն մեծ սահմանափակումներով: Հենց դրանք էլ նվազագույնի կհասցնենք, իսկ եթե վարկը 3 տարուց ավելի է, ապա ընդհանրապես կհանենք»,- ասաց Երիցյանը: Նրա խոսքով՝ ԿԲ-ն սրանով փորձում է բանկերի միջեւ հաճախորդի համար մրցակցությունն աշխուժացնել:


























