Բրազիլիայի Էսպիրիտու Սանտու նահանգի ոստիկանության պրոֆմիությունը հաստատել է, որ փետրվարի 4-ին սկսված գործադուլից հետո նահանգի 3 քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով առնվազն 75 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «Սինհուան»:
Բրազիլիայի Սահմանադրության համաձայն՝ ոստիկանները գործադուլ անելու կամ ցույցերին մասնակցելու իրավունք չունեն: Ներկայիս գործադուլը, փաստորեն, անցկացնում են ոստիկանների ընտանիքները, որոնք ոստիկանական տեղամասերի դարպասների մոտ խոչընդոտում են փողոցներում պարեկող ավտոմեքենաների դուրս գալուն՝ իրենց բողոքն արտահայտելով, որ երկար տարիներ շարունակ իրավապահների աշխատավարձը եւ աշխատանքի պայմանները չեն բարելավվել:
Գործադուլից հետո նահանգի Վիտորիա, Գուարապարի եւ Կաշուեյրու դի Իտապեմիրին քաղաքներում տեղի են ունեցել անկարգություններ, որոնց հետեւանքով մարդիկ են զոհվել եւ տուժել: Վիտորիայի ավելի քան 100 խանութներ կողոպտվել են, քաղաքում դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթեւեկությունը, նաեւ դպրոցներում դասերը: Իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված Բրազիլիայի կառավարությունը փետրվարի 6-ին եւ 7-ին Վիտորիա զորք եւ ազգային անվտանգության ուժերի ստորաբաժանումներ է ուղարկել:
Նահանգի վարչակազմը մտադիր չէ բավարարել ոստիկանների պահանջները:




























