Շոտլանդիայի Էյդրի քաղաքի բնակչուհի Ջիլլ Շարփը մի քանի տարի սոցցանցերում խաբել է ընկերներին՝ անծանոթ տղամարդուն ներկայացնելով որպես իր ընկեր։ Նա Facebook–ում գտել էր անծանոթ մի տղամարդու, նրա լուսանկարներից համատեղ կոլաժներ պատրաստել, որոնք հետո իր էջում տեղադրում էր որպես անձնական լուսանկարներ, հայտնում է Daily Record–ը։
4 տարի առաջ 31-ամյա Շարփը ընկերներին հայտնել էր, թե հանդիպում է Գրեմ Մաքքեյ անունով տղամարդու հետ։ Նա հաճախ էր ընկերներին մանրամասներ պատմում, լուսանկարներ ցույց տալիս համատեղ ժամանցի մասին։ Արժանահավատ թվալու համար նա Twitter–ում տղամարդու անունից էջ էր բացել, որի միջոցով շփվում էր ինքն իր հետ։
«Նա անհավանական կյանք է վարում սոցցանցում, բայց ոչ ոք երբեք նրան չէր տեսել այդ տղամարդու հետ, եւ դա տարօրինակ էր»,– ասել է Ջիլլի ընկերներից մեկ։
Ընկերները տարօրինակ բան էին զգացել, երբ Շարփը Twitter–ում լուսանկար էր տեղադրել Լոնդոնում Վեսթմինսթերի աբբայության ֆոնին։ Նրանք նկատել էին, որ լուսանկարներում տարբեր եղանակ է։ Ջիլլը չոր սալահատակին էր կանգնած եւ միայնակ էր, իսկ Մաքքեյի լուսանկարում անձրեւ էր գալիս, եւ նրա հետեւում զբոսաշրջիկների խումբ էր կանգնած։
Իրական Գրեմ Մաքքեյը, որին գտել են համացանցում, պատմել է, որ չի ճանաչում այդ աղջկան եւ նշանված է ուրի հետ։






























