Դիրքեր տանող ճանապարհին փետրվարի 15-ին բուլդոզերի գլորվելու հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող Գարեգին Մինասյանն Արցախի Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքից էր, ծառայության էր անցել մի քանի տարի առաջ:
NEWS.am-ի թղթակցին Շահումյանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը հայտնեց, որ Գարեգին Մինասյանն ամուսնացած էր, 4 երեխաների հայր:
«Ընտանիքով տեղափոխվել էին Արագածոտնի մարզի Թալին քաղաք, որտեղ էլ հոգեհանգիստն ու հուղարկավորությունն է տեղի ունենալու»,- ասաց Կարեն Եղիշյանը:
Նախնական տվյալով, փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող T-170 բուլդոզերը, ինչի հետեւանքով բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան եւ Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանն ստացել են մարմնական վնասվածքներ:
ՀՀ ՊՆ Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է:
Նույն օրը Ա.Պուխան եւ Վ.Ներսիսյանը տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:



























