ՀՀ եւ ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաները 2017թ.-ի մարտի 6-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի /գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան/ հետ ելույթ կունենան Արամ Խաչատրյանի համերգասրահում:  «Վարպետները կերտում են վարպետներ» խորագրի ներքո հանդիսատեսին կներկայացվի բարդ եւ հագեցված համերգային ծրագիր: Կհնչեն Չայկովսկու, Գրիգի, Ալ. Հարությունյանի, Լիստի եւ  Ռախմանինովի ստեղծագործությունները: Ծրագրում ընդգրկված պատանի երաժիշտներից համերգին ելույթ կունենան Անի Աթայանը /դաշնամուր/, Անդրանիկ Աղաջանյանը /թավջութակ/, Արթուր Գրիգորյանը /դաշնամուր/,  Պոլինա Շարաֆյանը /ջութակ/, Անդրեյ Կուրբետը /դաշնամուր/ եւ Խաչիկ Անդրեասյանը /դաշնամուր/:  Դիրիժոր` Ռուբեն Ասատրյան:

2016-ի դեկտեմբերին կայացավ ՀՀ եւ ԼՀՂ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի սաների գալա համերգը եւ հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ու ջերմությամբ  ընդունեց յուրաքանչյուր կատարողին: Պատանի երաժիշտներն արդեն իսկ դարձել են մի շարք միջազգային եւ հանրապետական մրցույթների ու փառատոնների դափնեկիրներ: Անի Աթայանը Հայաստանը ներկայացրեց «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում եւ ելույթ ունեցավ Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում: Անդրանիկ Աղաջանյանը Չայկովսկու անվան միջազգային 9-րդ մրցույթում արժանացավ հատուկ մրցանակի, իսկ Անդրեյ Կուրբետը հատուկ մրցանակ ստացավ «Gina Bachauer» միջազգային մրցույթում: Պոլինա Շարաֆյանը, Արթուր Գրիգորյանը եւ Խաչիկ Անդրեասյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ են: Վառ, արտիստիկ եւ տաղանդավոր այս պատանիներն իրենց ձեռքբերումներով ապացուցեցին, որ կարող են Հայաստանը պատվով ներկայացնել միջազգային բեմերում:

ՀՀ եւ ԼՀՂ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ին: Այն ուղղված է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում 11-20 տարեկան տաղանդավոր եւ շնորհալի երիտասարդների բացահայտմանն ու կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Լավագույն մասնագետները շարունակական սկզբունքով ծրագրի մասնակիցների հետ իրականացնում են ակտիվ ուսումնական գործընթաց, որը ներառում է նաեւ վարպետության դասեր հրավիրյալ մասնագետների կողմից: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս պատանի երաժիշտների համար ապահովելու բազմակողմանի կրթություն եւ տարբեր դպրոցների փորձի փոխանակում:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ներառում է դաշնամուր, ջութակ եւ թավջութակ մասնագիտությունները: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների /Վան Քլայբերն, Լիդզ, Ջինա Բախաուեր, Գարդիան Դուբլին/ դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը:

Ի դեպ` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ եւ ԼՀՂ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների  զարգացման նպատակային ծրագրի սաների համար սահմանվել է կրթաթոշակ: 

Յունիբանկը մշտապես ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերել հասարակության կյանքում եւ ակտիվ աջակցություն տրամադրել հովանավորչական, բարեգործական եւ սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված են կրթության, արվեստի, սպորտի ոլորտների զարգացմանը: Այս համերգի աջակիցը լինելով` Յունիբանկն ուրախ է նպաստելու տաղանդավոր պատանի երաժիշտների առաջխաղացմանն ու երիտասարդության շրջանում դասական երաժշտության հանրայնացմանը: