Խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիաների ձեւավորման հավանականությունը կախված է, թե կուսակցությունները ինչ քանակի ձայներով կմտնեն խորհրդարան: Այս մասին NEWS.am-ի եւ «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, որը ՀՅԴ-ի նախընտրական համապետական ընտրացուցակում 5-րդ հորիզոնականում է:

Նրա խոսքով՝ Դաշնակցության ընտրազանգվածը բոլոր դեպքերում իրենց հետ է եղել՝ անկախ ընդդիմություն կամ իշխանության մեջ լինելուց: «Եթե դիտարկենք ընդհանուր իրավիճակը, իրականում այսօր մենք ընտրություններին մասնակցում ենք գաղափարախոսական հիմքով: Իմ տեսակետից մենք լավ հնարավորություններ ունենք եւ ապագա խորհրդարանում շատ կարեւոր դերակատարում կունենանք, եթե Աստվածը եւ մենք դա ցանկանանք: Եվ լավ կաշխատենք»,- նշեց Մկրտչյանը:

Ընտրություններից հետո ՀՅԴ-ի մասնակցությամբ կոալիցիայի ձեւավորման վերաբերյալ NEWS.am-ի հստակեցնող հարցին նախարարը պատասխանեց. «Պետք է ընտրությունների արդյունքները լինեն, որից հետո խորհրդարանական նոր համակարգը պարզապես կստիպի կոալիցիոն ձեւաչափերի անցնել: Թե ով կլինի, միայն ձայներից է կախված, այն բանից, թե կուսակցությունները ինչպիսի ձայներով խորհրդարան կմտնեն»:

Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ընթացիկ տարվա ապրիլի 2-ին: