Այս պահին աշխարհի 37 երկրներ, այդ թվում 28 աֆրիկյան պետություններ, արտաքին պարենամթերային օգնության կարիք ունեն, նախեւառաջ անցած տարվա երաշտների  երկարատեւ հետեւանքների պատճառով։ Այս մասին ասվում է «Բերքի կանխատեսումներ ու պարենամթերային իրավիճակ» զեկույցում, որը հինգշաբթի ներկայացվել է Հռոմում ՄԱԿ-ի  պարենամթերային ու գյուղատնտեսական կազմակերպության շտաբ բնակարանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Չնայած պարենամթերքի համաշխարհային առաջարկի առատությանը՝ դրա հասանելիությունը խիստ սահմանափակ է այն տարածքներում, որոնք տուժում են քաղաքացիական հակամարտություններից, իսկ երաշտները ավելի են խորացնում պարենամթերային անվտանգության իրավիճակը, մասնավորապես Արեւելյան Աֆրիկայում։

Հարավային Սուդանում հիմա քաղցած է մոտ 100 հազար մարդ։ Այդ երկրի մոտ 4․9 մլն քաղաքացիներ համարվում են ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակում։ Հուլիսին նրանց թիվը կհասնի 5․5 մլն-ի, ինչը երկրի բնակչության կեսն է։

Նիգերիայի հյուսիսում 8․1 մլն մարդ ապրում է պարենամթերային սուր անբավարարության պայմաններում։ Եմենում 17 մլն մարդ, կամ բնակչության երկու երրորդը պարենամթերային անվտանգության բացակայոթյան պայմաններում է գտնվում, նրանց կեսին շտապ օգնություն է պետք։ Սոմալիում քաղաքացիական խռովություններն ու երաշտը կրկնապատկել են պարենամթերքի սուր պակաս զգացողների թիվը ու հիմա այն հասել է 2․9 մլն-ի։

Հակամարտությունները ու քաղաքացիական անկարգությունները Աֆղանստանում, Բուրունդիում, Հարավաֆրիկյան հանրապետությունում, Կոնգոյում, Իրաքում, Մյանմարում ու Սիրիայում նույնպես խորացնում են աշխարհում պարենամթերային անվտանգության իրավիճակը ու բացասաբար ազդում հարեւան երկրների վրա, որոնք ընդունում են փախստականներին, նշվում է FAO–ի զեկույցում։