Որքան էլ Անկարան փորձի հայ-թուրքական գործընթացի կարգավորման պատասխանատվությունը գցել Երեւանի վրա, պատասխանատվությունը հենց նրա վրա է, գրում է թուրք վերլուծաբան Ալի Բիրանդը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին բրիտանական Chatham House-ի կողմից հանձնված մրցանակի փաստը՝ այդ թվում եւ հայ-թուրքական գործընթացին սատարելու համար։

Նա ցավ է հայտնել, որ հայ-թուրքական գործընթացն իր ավարտին չի հասցվել։ «Մենք մեր գլուխները խոնարհեցինք Ադրբեջանի հակազդեցության դեմ։ Ավելի շուտ, մենք չկարողացանք եղբայր ադրբեջանցիներին բավարար վկայություններ տալ։ Վերջին պահին նրանք մեզ թողեցին կես ճանապարհին»,- Milliyet-ի էջերում գրում է Բիրանդը։

Նշենք, որ բրիտանական Chatham House-ը, որքան էլ տարօրինակ է, Կիպրական հարցում, ինչպես նաեւ հայ-թուրքական գործընթացում կառուցողական մոտեցում ցուցաբերելու համար մրցանակ էր շնորհել Աբդուլահ Գյուլին։ Ի դեպ, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը սառեցված է Անկարայի կողմից մշտապես առաջ քաշվող նախապայմանների հետեւանքով։