«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակում ամենաշատ մշակույթի, արվեստի գործիչներն են, գիտնականներ, հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, ՀԱԿ գրասենյակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ նշել է Դաշինքի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, նույն տրամաբանությամբ իրենց ծրագրում ամենածավալունը գիտություն, կրթություն բաժինն է, որը շատ հավակնոտ է, համարձակ է եւ կլինի ավելի համարձակ, եթե կարողանան Հայաստանում հաստատել խաղաղություն:
«Մեր երկրի հիմքը կրթությունն է, նրա հիմքը՝ հանրակրթությունը: Ցավոք, այսօր հանրակրթության մեջ արձանագրում ենք լուրջ ձախողումներ. մեր դպրոցները ընդամենը 40 տոկոսով են ծանրաբեռնված, մեր դպրոցները տարեց տարի պակասում են, դպրոցները սխալ սկզբունքով են աշխատում. պետք է ֆինանսավորվի ոչ թե դպրոցը, այլ աշակերտը, քաղաքացին: Քաղաքացին պետք է որոշի, թե որ դպրոց պետք է տանի իր երեխային: Նույնը պետք է տեղի ունենա բուհերում. ոչ թե բուհը պետք է որոշի անվճար տեղերի քանակը, ուսանողի որ համակարգում սովորելու տեղը, այլ իր գիտելիքների հիման վրա ուսանողը պետք է կրեդիտավորվի, ֆինանսավորվի, թոշակավորվի, եւ իրավունք ունենա որոշելու եւ բուհը եւ մասնագիտությունը: Դպրոցները, բուհերը պետք է զերծ լինեն քաղաքականացումից»,-հայտարարեց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով, մշակույթի ոլորտում չպետք է լինեն պետական կոչումներ ու նվիրատվություններ, որոնք մրցակցություն են առաջացնում ստեղծագործողի մոտ պետության հետ մոտ լինելու, որը ճնշում է մարդու ազատությունը. «Մշակույթի միակ պայմանը ազատ ստեղծագործող քաղաքացին է»:




























