«Ելք» դաշինքի միասնական շտաբում այսօր՝ մարտի 6-ին, դաշինքի անդամներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը եւ Ալեն Սիմոնյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին՝ մասնավորապես քարոզարշավի մեկնարկին եւ ներքաղաքական իրավիճակինվերաբերող հարցեր։ Դաշինքի անդամները դեսպանին հայտնել են նաեւ ընտրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները։
Զրույցի ընթացքում դեսպանը նշել է․«Կարեւոր է, որ լինի գաղափարների ակտիվ պայքար եւ որ հայ ընտրողները վստահ լինեն, որ իրենց քվեները հաշվի են առնվելու: Ես միանում եմ ձեզ՝ հերքելու շրջանառվող այն լուրերը, թե տեսախցիկներն ու նույնականացման սարքավորումները տեղադրվում են, որպեսզի հնարավոր լինի պարզել թե ընտրողներն ում են տալու իրենց ձայնը: Ես բոլոր հայ ընտրողներին կոչ եմ անում ապրիլի 2-ին գնալ տեղամասեր՝ հանուն Հայաստանի ապագայի»:




























