Հայաստանը տարածաշրջանում ՆԱՏՕ–ի հետ համագործակցության բացառիկ օրինակ է։ Այս մասին մարտի 6–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին։ 

Վերջերս Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում  (փետրվարի 26 -28–ը) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ եւ նրան Հայաստան է հրավիրել։ Դեսպանը կարծում է, որ այցն, անկասկած, տեղի կունենա, եւ կողմերը քննարկելու թեմա կունենան։

Լեհ դիվանագետի խոսքով՝ Հայաստանը ՆԱՏՕ–ի հետ համագործակցում է արդեն 25 տարի, ավելի ուշ այդ գործընթացը ձեւակերպվել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում։ Չլինելով ՆԱՏՕ–ի կազմում եւ չպատրաստվելով այնտեղ մտնել՝ Հայաստանը խաղաղապահների զորամիավորումներ է ուղարկում Լիբանան եւ Աֆղանստան՝ դաշինքի ղեկավարության ներքո։

Համագործակցություն է զարգանում նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ։ Հանրապետությունում գործում է Lubawa Armenia պաշտպանական ձեռնարկությունը՝ հիմնված լեհական  Lubawa ընկերության եւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։ «Դա այլ ռազմական դաշինքում գտնվող երկրի հետ համագործակցության բացառիկ օրինակ է»,–նկատել է Եժի Նովակովսկին։