Ռուսաստանը զենքի վաճառքով շատ հարցերում Ադրբեջանին կառավարում է: Մարտի 6-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ռուս լրագրող, հեռուստահաղորդավար, «Ռուսաստանն այսօր» միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը շուկայում զենք է գնում ծանր արժույթով եւ կարող է այն գնել նաեւ Իսրայելից, Թուրքիայից: «Ռուսաստանն աշխարհում զենքի երկրորդ արտահանողն է: Ադրբեջանը, ինչպես շատ այլ երկրները, այդ զենքը գնում է: Այստեղ քաղաքական ոչ մի բաղադրիչ չկա: Ռուսաստանը շատ հարցերում է Ադրբեջանին կառավարում, որովհետեւ հարաբերությունների բացակայությունը կառավարման բացակայություն է»,- նշեց Կիսելյովը՝ շարունակելով, որ Ադրբեջանը զենքի դիմաց միլիարդավոր դոլար է վճարում: «Այս իմաստով Ռուսաստանի եւ Ադրբեջանի շփումները հօգուտ Հայաստանի են»,- համոզված է Կիսելյովը:




























