Արամ Խաչատրյանի համերգասրահում մարտի 6-ին կայացել է ՀՀ եւ Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված սաների առաջին սիմֆոնիկ համերգը: Համերգը կրում էր «Վարպետները կերտում են վարպետներ» խորագիրը եւ, չնայած երաժիշտ-կատարողների երիտասարդ տարիքին, հանդիսատեսին իսկապես ներկայացվեց «վարպետին» վայել բարդ եւ հագեցված համերգային ծրագիր: Հնչեցին Չայկովսկու, Գրիգի, Ալ. Հարությունյանի, Լիստի եւ Ռախմանինովի ստեղծագործությունները: Լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսը վայելեց յուրաքանչյուր կատարում, ինչի վկայությունն արտահայտված հիացմունքն էր եւ չդադարող ծափերը: Ծրագրում ընդգրկված պատանի երաժիշտներից համերգին ելույթ ունեցան նան Անի Աթայանը /դաշնամուր/, Անդրանիկ Աղաջանյանը /թավջութակ/, Արթուր Գրիգորյանը /դաշնամուր/, Պոլինա Շարաֆյանը /ջութակ/, Անդրեյ Կուրբետը /դաշնամուր/ եւ Խաչիկ Անդրեասյանը /դաշնամուր/: Բեմում էր նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը /գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան/: Համերգի դիրիժորն էր ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:
ՀՀ եւ Արցախի տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագիրը մեկնարկել է 2013թ.-ին: Այն ուղղված է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում 11-20 տարեկան տաղանդավոր եւ շնորհալի երիտասարդների բացահայտմանն ու կատարելագործմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով: Լավագույն մասնագետները շարունակական սկզբունքով ծրագրի մասնակիցների հետ իրականացնում են ակտիվ ուսումնական գործընթաց, որը ներառում է նաեւ վարպետության դասեր հրավիրյալ մասնագետների կողմից: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս պատանի երաժիշտների համար ապահովելու բազմակողմանի կրթություն եւ տարբեր դպրոցների փորձի փոխանակում:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ եւ ներառում է դաշնամուր, ջութակ եւ թավջութակ մասնագիտությունները: Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ, մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների /Վան Քլայբերն, Լիդզ, Ջինա Բախաուեր, Գարդիան Դուբլին/ դափնեկիր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը:
Լինելով մի շարք միջազգային եւ հանրապետական մրցույթների ու փառատոնների դափնեկիրներ` համերգին մասնակցած տաղանդավոր պատանի երաժիշտներն արդեն իսկ գրանցում են տպավորիչ հաջողություններ: Անի Աթայանը Հայաստանը ներկայացրել է «Սերունդների մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնում եւ ելույթ ունեցավ Ռուսաստանի Նախագահական սիմֆոնիկ նվագախմբի հետ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում: Անդրանիկ Աղաջանյանը Չայկովսկու անվան միջազգային 9-րդ մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի, իսկ Անդրեյ Կուրբետը հատուկ մրցանակ է ստացել «Gina Bachauer» միջազգային մրցույթում: Պոլինա Շարաֆյանը եւ Արթուր Գրիգորյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիրներ են, իսկ Խաչիկ Անդրեասյանը, ի ուրախություն բոլորիս, մասնակցում է Վլադիմիր Կրայնեւի անվան դաշնակահարների միջազգային մրցույթում եւ արդեն իսկ անցել է հաջորդ փուլ:
Իր ամփոփիչ խոսքում Արմեն Բաբախանյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը եւ հատկապես կարեւորեց այն աջակցությունը, որը տրամադրվում է ՀՀ եւ ԼՀՂ տաղանդավոր երաժիշտների զարգացման նպատակային ծրագրի հետագա առաջխաղացման համար: Ի դեպ` ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ծրագրի սաների համար սահմանվել է նաեւ կրթաթոշակ:
Համերգի աջակիցներից էր նաեւ Յունիբանկը, որը մշտապես ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերել հասարակության կյանքում եւ ակտիվ իրականացրել հովանավորչական, բարեգործական եւ սոցիալական ծրագրեր: Նման համերգներին իր աջակցությունը տրամադրելով` Յունիբանկն ուրախ է նպաստելու տաղանդավոր պատանի երաժիշտների առաջխաղացմանն ու երիտասարդության շրջանում դասական երաժշտության հանրայնացմանը:


























