Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել տիկին Իդալգոյին Կանանց տոնի կապակցությամբ, նշելով, որ առավոտյան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի բոլոր կանանց եւ հաճելի է, որ հանդիպման առիթով հնարավորություն ունի շնորհավորելու նաեւ տիկին Իդալգոյին կանանց այդ գեղեցիկ տոնի առթիվ:
Քաղապետ Անն Իդալգոն նշել է, որ մեծ հաճույքով եւ ջերմությամբ է հիշում Երեւան կատարած իր այցերը եւ համարում է, որ Երեւանը հյուրընկալության արվեստի մայրաքաղաքն է: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել գործընկեր քաղաքներ Երեւանի եւ Փարիզի միջեւ զարգացող ու տարեցտարի ամրապնդվող համագործակցությունը:
Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին պարգեւատրել է Պատվո շքանշանով՝ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Հանրապետության Նախագահն ու Փարիզի քաղաքապետը ստորագրել են Հայաստանի Նախագահի այցելությանը նվիրված հուշապաստառի վրա:
Փարիզի քաղաքապետարանում այնուհետեւ, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն, որի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:
.jpg)
.jpg)
.jpg)



























