Լեհաստանի վարչապետ Բեաթա Շիդլոն ԵՄ-ի առաջնորդներին բացատրել է, թե Լեհաստանն ինչու չի կարող աջակցել Եվրախորհրդի նախագահի պաշտոնում Դոնալդ Տուսկի թեկնածությունը: Եվրոպացի գործընկերներին հղած իր նամակում Շիդլոն պարզաբանել է, թե ինչու է Եվրախորհրդարանի պատգամավոր Յացեկ Սարիուշ-Վոլսկին այդ պաշտոնի համապատասխան թեկնածուն համարվում:
Կառավարության մամուլի քարտուղար Ռաֆալ Բոխենեկը հայտնել է, որ նամակը գրվել է Եվրամիության վաղը կայանալիք գագաթնաժողովի հետ կապված, որտեղ պետք է որոշում ընդունվի լիազորությունների հերթական ժամկետով՝ 2,5 տարով, Եվրախորհրդի ղեկավարի ընտրության հարցով: «Նամակում պարունակվող կարեւոր փաստարկ է այն խնդիրը, որը կարող է ծագել Եվրախորհրդի նախագահի պաշտոնում որեւէ մեկի ընտրության հետ կապված՝ տվյալ թեկնածուի ծագման երկրի որոշմանը հակառակ: Նման ոչ ստանդարտ իրավիճակը հազիվ թե նպաստի ԵՄ անդամների կապերի ամրապնդմանը»,- ասել է նա:
Մարտի 8-ին Բեաթա Շիդլոն մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի գագաթնաժողովին: Սակայն լեհ վարչապետը ծրագրել է ԵՄ առաջնորդների հետ նախնական բանակցություններ վարել, այդ թվում՝ Եվրախորհրդի նախագահի պաշտոնում թեկնածությունների հարցով:
Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկի լիազորություններն ավարտվում են ընթացիկ տարվա մայիսին:



























