Ոմանք մոռանում են, որ Կիպրոսի խնդրի հիմքը թուրքական բանակի կողմից Կիպրոսի տարածքի բռնազավթումն է: Մարտի 10-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոցիասը:

Անդրադառնալով Ժնեւում անցկացվող բանակցություններին՝ նախարարը նշել է, որ Թուրքիան պետք է ընդունի բռնազավթման փաստն ու լքի կղզին: Բայց երբ բանակցություններում այդ մասին խոսք է գնացել, Թուրքիայի ներկայացուցիչը, վկայակոչելով անհետաձգելի գործերը, հեռացել է հանդիպումից:

«Թուրքական կողմը բաներ է պահանջում, որոնք բանակցային սեղանին չեն եղել կամ կիպրական կողմի իրավասությունից դուրս են եւ վերաբերում են Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերություններին: Տպավորություն է, որ նրանք նման հարցեր են բարձրացնում, որովհետեւ չեն ուզում քննարկել բուն խնդիրը»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ Թուրքիան տնտեսությունում եւ քաղաքականությունում բազմաթիվ տարաձայնություններ ունի, եւ դրանք անհնար է լուծել առանց ժողովրդավարության: Այդ երկրի իշխանությունները վախենում են հեղաշրջումից, բայց եւ արհամարհանքով են վերաբերվում ուրիշներին: