Իրավապահ մարմիններն արդեն շուրջ 2 շաբաթ է՝ չեն կարողանոում գտնել Երեւանում մարտի 2–ին ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի հիշատակին տեղադրված հուշաքարը գողացողին:

NEWS.am–ին զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Անահիտը, հայտնեց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, այժմ գործով զբաղվում է Քննչական կոմիտեն:

«Այս պահին որեւէ նորություն չկա, կասկածյալ էլ չկա»,- ասաց տիկին Անահիտը

Ի դեպ, Հարությունյաններն ինչ-որ մեկին կասկածում են, սակայն դեռեւս ձեռնպահ են մնում անուններ տալուց:

Նշենք, որ ապրիլյան պատերազմում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի ընտանիքն ապրում է ծանր սոցիալական վիճակի մասին։ Նրանք ապրում են Գաջեգործների փողոցում, վթարային շենքում։ Բնակարանը, որտեղ ապրում  են, ուղղակի ավերակներ են՝ քանդված պատերով, բետոնե հատակով։ Անչափահաս Գրիգորը ստիպված է եղել դպրոցը լքել, որպեսզի կարողանա միայնակ մոր ուսերին ծանրացած բեռը թեթեւացնել։ Բանակ էր զորակոչվել այդ ավերակները տուն դարձնելու երազանքով։ Դեռեւս մանկուց Գրիգորի երազանքը բարեկարգ տանիք ստեղծելն էր, որը ցավոք իրագործվեց իր կյանքի գնով։ Երեւանի քաղաքապետարանը որոշում է կայացրել բնակարան նվիրել ընտանիքին։