Հայաստանի՝ անկախություն ձեռք բերելուց ի վեր հանրապետությունում նվազել է ֆրանսերենի տիրապետման մակարդակը ։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեպսան Ժան–Ֆրանսուա Շարպանտյեն՝ մարտի 14–ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեր հայ ընկերները խոսում են ֆրանսերեն, եւ նրանց՝ լեզվի տիրապետության մակարդակը հոյակապ է։ Բայց ես անհանգստանում եմ ոչ թե քանակի, այլ որակի համար։ Եւ դա խնդիր է։ Որովհետեւ Հայաստանի դպրոցներում՝ երկրի անկախություն ձեռք բերելուց ի վեր ֆրանսերենը հայտնվել է երկրորդ պլանում։ Այսինքն՝ այժմ ֆրանսերեն սովորողների թիվն ավելի քիչ է, քան 20 տարի առաջ՝ եթե նույնիսկ հաշվի առնենք, որ վերջին տարիներին որոշ առաջընթաց  արձանագրվել։ Այդ անհանգստությունը կիսում են Հայաստանի իշխանությունները», - նշել է դեսպանը։

Նրա խոսքով՝ եղածը վերականգնելու նպատակով կոնկրետ քայլեր են արվում։ Առաջին հերթին, դեսպանը նշել է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի մասնակցությունը, որը նաեւ ենթադրում է  ընդլայնել ֆրանսերենի դասավանդման ոլորտը։ Ապա լեզվի դասավանդումը խթանելու համար մեծ նշանակություն ունի 2018–ին Երեւանում գագաթնաժողով անցկացնելու ՀՀ իշխանությունների որոշումը։ Նաեւ կարեւոր նշանակություն ունի Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը, նշել է դեսպանը։