Հայաստանը երբեք չի հրաժարվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններից ու Երեւանը պատրաստ է քննարկել բարձր մակարդակի վրա նոր հանդիպման հնարավորությունը, եթե Բաքուն կատարի նախորդ հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները; Այս մասին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներին։
«Մենք երբեք բանակցություններից չենք հրաժարվել, այդ թվում բարձր մակարդակի վրա հանդիպումներից։ Մենք ուզում ենք , որ նախորդ հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները գոնե մասամբ կատարվեն, ու նոր միայն պատրաստ կլինենք մտածել նոր հանդիպման մասին։ Ի՞նչ իմաստ ունի հանդիպելը, եթե չի կատարվում այն, ինչի մասին արդեն պայմանավորվել ենք։
Որպես օրինակ կարող եմ պատմել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած վերջին երկու հանդիպումների մասին։ Մենք պայմանավորվել էինք ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ, նվազեցնելու համար շփման գծում լարվածությունը։ Դա նաեւ հիմք կծառայեր հետագա բանակցությունների համար։ Բայց ցավոք այդ պայմանավորվածությունը չի իրականացվել։ Ավելին՝ Վիեննայի հանդիպումից երկու շաբաթ անց Ադրբեջանը հայտնել է այն մասին, որ այդ հայտարարությունները ՄԽ համանախագահներն էին արել ու որ ԲԱքուն դրանց հետ որեւէ առնչություն չունի»,- ասել է մասնավորապես նախագահը։
Անդրադառնալով Երեւանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, Սերժ Սարգսյանը նկատել է, որ Հայաստանը չի անում դա, որպեսզի շարունակի բանակցային գործընթացը։
«Հայաստանը մասնակցում է այդ բանակցություններին, քանի որ Ադրբեջանը չի ուզում երկխոսել Ղարաբաղի հետ։ Այսպես թե այնպես Ղարաբաղը մասնակցում է բանակցային գործընթացին, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կանոնավոր այցելում են Ղարաբաղ ու ղարաբաղյան իշխանություններին տեղեկացնում գործընթացի մասին։ Պատկերացրեք, եթե այսօրվա պայմաններում Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Դա վերջ կտա բանակցություններին։ Իսկ ինչպես գիտեք, բանակցությունների այլընտրանքը պատերազմն է»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Սակայն, հավելել է նա, ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից։ Հայաստանը կարող է փոխել իր դիրքորոշումը։ «Ես բազմիցս ասել եմ, որ եթե Ադրբեջանը վերսկսի լայնածավալ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, մենք անմիջապես կճանաչենք անկախությունը, քանի որ Հայաստանը ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորն է",- շեշտել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով, Ադրբեջանի քաղաքականությունը շատ պարզ է։ Բաքուն փորձում է լարված իրավիճակ պահպանել ու ճնշում գործադրել Հայաստանի ու Ղարաբաղի վրա։
Լարվածությունը հասել է իր գագաթնակետին անցած տարվա ապրիլին, երբ ադրբեջանցիները միանգամից մի քանի ուղղություններով հարձակումներ էին սկսել։ Դրա հետեւանքով թե հայկական, թե ադրբեջանական կողմը կորուստներ են կրել։ Ռազմական գործողություններն էին դարձել Վիեննայի հանդիպման հիմնավորումը, շեշտեց նախագահը։
«Իրավիճակը չի բարելավվել, այն շարունակում է մնալ լարված։ Այդ իրադարձություններից հետո մենք գիտակցեցինք, որ միշտ պետք է զգոն լինենք շփման գծում, մենք պետք է ավելի շատ ժամանակակից զենք գնենք, որպեսզի ֆիքսենք հակառակորդի ցանկացած շարժում։ Ադրբեջանցիները չէին կարծում, թե այդքան կորուստ կկրեն, ու գիտակցեցին, որ այնքան ուժեղ չեն, որ կարողանան կարճ ժամանակում լուծել այդ խնդիրը»,- ամփոփեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ մոտ ապագայում քիչ հավանական են լայնածավալ ռազմական գործողությունները, սակայն դրանց պետք է պատրաստ լինել։




























