Հայաստանը բազմիցս քննադատել է ԴԱԻՇ-ի եւ այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից իրականացված հանցագործությունները:  Այդ մասին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ունեցած ելույթում՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների այսօրվա օրակարգի ամենաարդիական թեմային՝ Մերձավոր Արեւելքի իրադրությանը:

«Նրանց գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի եւ դրանից դուրս գտնվող ժողովուրդների անվտանգության համար: Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն ունի երկրի քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների համար, որոնք ինքնության հողի վրա կատարված հանցագործությունների պատճառով բախվում են գոյության սպառնալիքների: Բռնությունը չի շրջանցել նաեւ սիրիահայերին, որոնց շրջանում կան շատ զոհեր: Հայկական բնակավայրերը, եկեղեցիները, դպրոցները եւ մշակութային հաստատությունները հողին են հավասարեցվել: Հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանությունից հետո, հայ փախստականները ապաստան գտան շատ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արեւելքի այլ ժողովուրդների հետ միասին կրկին ստիպված են լքել իրենց տները»,- նշել է Սարգսյանը:

«Միայն Սիրիայից ավելի քան քսան հազար մարդ ապաստան է գտել Հայաստանում: Մենք լավ գիտակցում ենք, թե ինչ է նշանակում լինել փախստական եւ ընդունել փախստականների: Հայաստանի կառավարությունը զգալի միջոցներ է ձեռնարկել փախստականներին օգնություն եւ ինտեգրման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու համար: Մենք համարում ենք, որ անհրաժեշտ է ապահովել ավելի ընդարձակ միջազգային համագործակցություն մարդկանց զանգվածային տեղաշարժերի եւ միգրացիոն հոսքերի հետ կապված խնդիրների լիարժեք լուծման համար»,- նշել է նախագահը:

«Ցանկանում եմ ընդգծել զանգվածային տեղաշարժերի հիմնական պատճառների վերացման կարեւորությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխման, հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ երկարաժամկետ քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերման ճանապարհով:

Նախորդ տարվա աշնանը եւ այս տարվա փետրվարին ռուսական ինքնաթիռներով Սիրիա առաքվեց Հայաստանի տրամադրած մարդասիրական օգնությունը: Մենք երախտապարտ ենք ռուսական կողմին՝ տեղափոխման հարցում ցուցաբերած աջակցության համար»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը: