Կարեն Վարդանյանի սպանության գործով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց նախորդ տարվա մարտի 17-ին փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողներից 1. 6 մլն դրամ գումար բռնագանձելու հայցադիմումը: Սպանված Կարեն Վարդանյանի հարազատներից Մարինե Մկրտչյանը դատարանին տեղեկացրել է, որ Կարեն Վարդանյանը հարազատներ չունի եւ ինքն է հոգացել փորձագետի թաղման եւ գերեզման կառուցելու ծախսերը, որի համար ծախսել է 1. 6 մլն դրամ գումար: Նա դատարանից խնդրել էր բռնագանձել այդ գումարը ամբաստանյալներից, որը դատարանը բավարարեց: Դատարանը նաեւ Մարինե Մկրտչյանին ներգրավվեց որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով տեղափոխել են Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:
Նշենք, որ Կարեն Վարդանյանի սպանության գործով նիստին ներկա է ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ՍԴՀԿ կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը, ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:




























