Կարեն Վարդանյանի սպանության գործով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 17-ին, ցուցմունք տվեց սպանված փորձագետի ծանոթներից Տաթեւիկ Բեգլարյանը, որը նրա սպանությունից հետո ժամանակավորապես ապրել է նրա տանը: Տաթեւիկ Բեգլարյանը նշեց, որ ինքը Կարենի տուն է տեղափոխվել նրա մոր մահվանից հետո, սպանվածի հետ ընկերական հարաբերությունների մեջ է եղել: Ամբաստանյալներից ճանաչում է Գեւորգ Զոհրաբյանին, որը վերջին շրջանում հաճախ է սկսել Կարեն Վարդանյանի բնակարան գնալ:
«Գեւորգն սկսեց հաճախ գալ Կարենի տուն, թղթերով: Հարցնում էի` ինչ գործ ունի Գեւորգը քո հետ, ասում էր, որ ուզում է ընդունվել համալսարան, ինքն էլ օգնում է»,-ասաց նա:
Տաթեւիկ Բեգլարյանը նշեց, որ տեղյակ չի եղել, որ Կարենը պատրաստվում է բնակարանը վաճառել:
«Մի անգամ ես ու Կարենը տունն էինք, երկու տղամարդ եկան, բնակարանը նայեցին, հարցրի` ինչու են եկել, ասաց ուղղակի բնակարանը նայելու: Տարբեր սենյակներ մտնում ցույց էր տալիս, ինքն էլ չէր հասկանում` ինչ է կատարվում, ինչու են գալիս, ասում էր` հիմա չի ուզում վաճառել, ամռանն է վաճառելու` ավելի էժան բնակարան գնելու համար: Տարօրինակ ինձ թվաց այդ ամեն ինչը»,-պատմեց նա:
Տաթեւիկի խոսքով` անհետանալուց մի օր առաջ փորձագետն իրեն հայտնել է, որ պատրաստվում է Դուբայ մեկնել. «Գնալու օրը հարցրի` ինչով ես հասնելու օդանավակայան, ասաց` տաքսիով: Հետո ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Դուբայում է, ես իրեն գրեցի, ինձ սկսեցին սխալներով պատասխանել, հասկացա, որ Կարենը չի: Շատ ուշ-ուշ էր պատասխանում: Անհանգիստ էի, մի քանի օր փորձում էի հետը կապնվել, բայց չէի կարողանում ու սկսեցի կասկածել, որ նա էլ չկա»:
Աղջիկը պատմեց, որ Կարենի անհետանալուց հետո նրա բնակարան է գնացել ամբաստանյալներից Գեւորգ Զոհրաբյանը եւ պահանջել, որ Տաթեւիկը դուրս գա բնակարանից` նշելով, որ այն վաճառված է:
«Գեւորգը եկավ տուն, ինձանից բնակարանի բանալին էր ուզում, ասում էին` տեղափոխվեմ այլ բնակարան: Ասացի, որ մինչեւ Կարենի հետ չխոսեմ, ոչ մի տեղ չեմ գնա, ասացին` զբաղված է Կարենը, չես կարողանա կապվել հետը: Գրեցի Կարենին, պատասխանեց, որ գալու է, բնակարան ենք գնելու ու տեղափոխվելու ենք, հիմա էլ փակեմ բնակարանի դուռը, դուրս գամ, մինչեւ ինքը գա հասկանա, թե ինչպես է եղել իր բնակարանի վաճառքը, ես բանալին հանձնեցի նրա մորաքրոջը եւ հեռացա: Բնակարանից դուրս գալուց հետո Գեւորգի հետ խոսել եմ հեռախոսով, ասաց, որ տարօրինակ է, որ Կարենը քեզ տեղյակ չի պահել, որ բնակարանը պարտքերի դիմաց նվիրել է ինձ, այնուհետեւ այն վաճառվել է»,-պատմեց նա:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով տեղափոխել են Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:
Նշենք, որ Կարեն Վարդանյանի սպանության գործով նիստին ներկա է ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ՍԴՀԿ կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը, ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:




























