Կարեն Վարդանյանի սպանության գործով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 17-ին, ցուցմունք տվեց սպանված փորձագետի հարեւանուհի Մարգարիտա Ղարսլյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Գեւորգ Զոհրաբյանին, որը եւս իր հարեւանն է եղել: Նա պատմեց, որ նախորդ տարվա մարտի 17-ի առավոտյան սպանված փորձագետն իր տուն է գնացել եւ խնդրել, որպեսզի արդուկի նրա շորերը:

«Առավոտյան Կարենն եկավ իմ տուն, խնդրեց, որ հագուստները արդուկեմ, որովհետեւ գործուղման է գնալու: Կիսաթեւ հագուստներ բերեց, ասացի` Կարեն ջան, ցուրտ է, ինչ ես անելու էս հագուստները, ասաց, որ գործուղման է գնում տաք երկիր: Մի տասնհինգ րոպե տեւեց, հին շորեր էին, շալվարի տակ կտրեցինք, որ ամոթ չլինի: Դուրս գալուց հետո ասաց` Մարգարիտա տյոտյա Տաթեւիկի հետ չվիճեք, գնաց: Դա էլ ասաց, որովհետեւ տունը մաքուր չէր պահում, մեկ-մեկ ասում էի` Տաթեւիկ ջան, մաքուր պահի տունը»,-պատմեց փորձագետի հարեւանուհին:

Մարգարիտա Ղարսլյանը նշեց, որ Կարենի գնալուց հետո ինքը գնացել է իր մոր տուն եւ ճանապարհին նկատել է Կարեն Վարդանյանին. «Փողոցում Կարենին տեսա, նա սկսզբից ինձ չճանաչեց, հետո ես իրեն ժպտացի, ինքն էլ իձ ու գանց, այլեւս չեմ տեսել»:

Մարգարիտա Ղարսլյանը պատմեց, որ Կարենի գնալուց հետո իր բնակարան են գնացել անհայտ անձինք` քույր եւ եղբայր, եւ ասել, որ Կարեն Վարդանյանի տունը գնել են, իրենցն է:

«Ասում էի` չի կարող պատահել, սխալվում եք, դա Կարենի տունն է: Ինձ ասացին, որ պարտավոր չեն հարեւանին հաշվետվություն ներկայացնել: Հետո բանալի չկար, հարեւաններից դռել էին ուզում, որ դուռը բացեն, չտվեցինք, գնացին: Դրանից հետո զանգեցի մորաքրոջը, տեղեկացրի, որ Կարենը տունը վաճառել է, տանտերեր են հայտնվել»,-ասաց նա:

Ավելի ուշ հարեւանուհին նկատել է, որ Կարեն Վարդանյանի բնակարանի դուռը բաց է, նրա իրերը ինչ-որ անծանոթ մարդիկ դուրս են հանում:

«Դուռը բացեցի, տեսա գրքերը լիֆտի դեմն էին լցված, մորաքրոջը` Մարինային զանգեցի, ասացի, որ Կարենի տնից հանում են իրերը: Մարինան արագ եկավ, մտան Կարենենց տուն, էլ բան չեմ տեսել: Ավելի ուշ իմացանք, որ Գեւորգին էր նվիրել բնակարանը, նա էլ վաճառել էր»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

Նշենք, որ Կարեն Վարդանյանի սպանության գործով նիստին ներկա է ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ՍԴՀԿ կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը, ԱԺ տեղեկատվության միջոցների եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: