«Անի Պլազա» հյուրանոցում տեղի  է ունեցել «Հայաստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարական պլանի, ճանապարհային քարտեզի եւ երկարաժամկետ ներդրումային ծրագրի» Ռազմավարական էկոլոգիական գնահատման/ՌԷԳ/ զեկույցը» թեմայով աշխատաժողով-քննարկումը:

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել եւ քննարկել ՌԷԳ զեկույցը` ներառյալ վերլուծության հիմնական առաջարկներն եւ առաջարկվող կանխարգելիչ գործողությունները՝ ուղղված Հայաստանում աղբի կառավարման ոլորտին: Մասնակիցներին ներկայացվել են ՌԷԳ- ի ընթացակարգով արդեն իսկ արված քայլերը, ինչպես նաեւ ծրագրում կիրառված մեթոդաբանությունը: Քննարկման արդյունքները կներառվեն վերջնական զեկույցում:

Աշխատաժողովը կօժանդակի ազգային կարողությունների զարգացմանը՝ ՌԷԳ հիմնական  շահառուների, որոշում կայացնողների, պետական կառավարման մարմինների, հասարակական  կազմակերպությունների եւ փորձագետների շրջանում:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը, ով  ներկայացրել է իրականացված  աշխատանքները: «ՌԷԳ-ի գործընթացում մենք հրավիրել ենք  բոլոր շահագռգիռ կողմերին եւ մեր գործողությունների մասին տեղյակ պահել նրանց: Այսօր  ամփոփում ենք կատարված աշխատանքները: Այս քննարկումը նաեւ կաջակցի ՀՀ Բնապահպանության,  Տարածքային կառավարման նախարարություններին հետեւել եւ իրականացնել «Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարական պլանի, ճանապարհային քարտեզի եւ երկարաժամկետ ներդրումային ծրագրի» ՌԷԳ-ի արդյունքում մշակված առաջարկությունների իրականացմանը՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:   Առայսօր չկար ռազմավարական էկոլոգիական գնահատումը ՀՀ-ում կիրարկելու նախադեպ եւ այն առաջին ծրագիրն է, որի համար մենք հայցեցինք Եվրամիության աջակցությունը  եւ նրանց փորձագետների հետ իրականացրեցինք այդ գնահատման գործընթացը» - նշել է Խ.Հակոբյանն իր խոսքում:

Ծավալվել է շահագրգիռ եւ արդյունավետ մասնագիտական քննարկում, ինչի արդյունքում ամրագրվել են մի շարք առաջարկներ: