ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Մեղադրանք է առաջադրվել 5 ոստիկանի:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Ռադիկ Ներսիսյանը, տեղեկանալով, որ 11.07.2016թ.-ին Լոռու մարզի Ագարակ գյուղում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից երկուսին դանակահարության հետեւանքով ծանր եւ միջին ծանրության մարմնական վնասվածքներ պատճառած անձն իր ազգական Միհրան Ներսիսյանն է, փորձել է վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից: Այդ նպատակով ոստիկանը Մ. Ներսիսյանի ընկերոջը՝ դեպքին ականատես Վահագն Գեւորգյանին համոզել է ոստիկանությունում հայտնել, թե, իբր, նշված հանցագործությունը նա է կատարել` փոխարենը երաշխավորելով, որ ձերբակալումից հետո իր միջամտությամբ ազատ կարձակվի:
Վ. Գեւորգյանը, վստահելով Ռ. Ներսիսյանին, իրեն է վերագրել կատարված հանցագործությունը եւ ձերբակալվել: Այնուհետեւ, վերջինիս տեսակցելու եւ իրականությունը թաքցնելու պայմանավորվածության շուրջ կրկին խոսելու նպատակով, հիշյալ ոստիկանը մեկնել է Տաշիրի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր եւ առանց օրինական հիմքերի Վ. Գեւորգյանի հետ տեսակցության թույլտվություններ ստացել:
Մասնավորապես, Ռ. Ներսիսյանը ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի հերթապահներ Արթուր Զաքարյանին եւ Վարդան Սուքիասյանին համոզել, դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները եւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ընթացակարգը խախտելով` առանց ոստիկանության ստորաբաժանման պետին համապատասխան դիմում, անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու եւ օրինական մյուս հիմքերի թույլատրել մուտք գործել Տաշիրի բաժնի ձերբակալված անձանց պահելու վայր ու տեսակցել ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվածին:
Վերջիններս, գործընկերոջ խնդրանքը չմերժելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը եւ հիշյալ կանոնակարգի դրույթների խախտմամբ հնարավորություն ընձեռել Ռ. Ներսիսյանին՝ ձերբակալվածին շարունակել համոզել նախաքննական մարմնից թաքցնել հանցագործությունն իրականում այլ անձի կողմից կատարված լինելու հանգամանքը, որով էական վնաս է հասցվել պետության օրինական շահերին:
Հետագայում` կալանավորվելուց հետո, Վահագն Գեւորգյանը հիշյալ հանգամանքների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությանը տվել է գրավոր հաղորդում, որի հիման վրա էլ հարուցվել էր հիշյալ քրեական գործը: Կատարված լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել է ճշմարտությունն ու հանցագործության կատարման բոլոր հանգամանքները:
Նշված հանցավոր արարքների կատարման համար Ռ. Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի, իսկ Ա. Զաքարյանին եւ Վ. Սուքիասյանին` 308-րդ հոդվածի 1-ին մասերով: Բացի այդ, նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի եւս երկու տեսուչի, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` գործուն զղջալու հիմքով. վերջիններս աջակցել են հանցագործության բացահայտմանը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:




























