ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է լայնածաված պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը, որոնք պետք է Հյուսիսային Կորեային անջատեն համաշխարհային ֆինանսական համակարգից: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա:

Նման տարբերակն ուսումնասիրվում է Փհենյանից բխող միջուկային եւ հրթիռային սպառնալիքին հակազդելու միջոցառումների ավելի ընդգրկուն վերանայման շրջանակներում:

Պատժամիջոցները կդառնան բազմակողմ մոտեցման մի մասը, որն ուղղված է տնտեսական եւ դիվանագիտական ճնշման մեծացմանը, հատկապես չինական բանկերի եւ ընկերությունների վրա, որոնք Հյուսիսային Կորեայի հետ ավելի ակտիվ բիզնես են վարում, ասել է վարչակազմի ներկայացուցիչը:

Աղբյուրի համաձայն՝ մեկ այլ ուղղություն է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների՝ Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի պաշտպանության ամրապնդումը:

Ակնկալվում է, որ քաղաքական խորհուրդները, որոնք կազմում է Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մաքմասթերը, նախագահի սեղանին կդրվեն մոտակա շաբաթների ընթացքում, հնարավոր է՝ ապրիլի սկզբին Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հետ բանակցություններից առաջ: