Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարքը հոգեբանության մեջ որակվում է որպես «հուսահատ քայլեր»: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, կեմնաբանելով Ալիեւի հերթական ռազմատենչ հայտարարությունները:
«Նա շատ մեծ հոգեբանական բարդույթ ունի՝ պարտվածի բարդույթ, որը պայմանավորված է նրանով, որ դեռեւս հայր Ալիեւի կողմից տրված խոստումները, թե կվերադարձնի Ղարաբաղը եւ որով իշխանության է եկել որդի Ալիեւը, այդպես էլ մնացել են անկատար»,- նշել է Ալավերդյանն ու հավելել, որ հենց դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահը հարցը չի տեսնում իրական մասշտաբներում, իրավական ու քաղաքական ասպեկտում:
Բացի այդ, ըստ պատգամավորի Ալիեւին նման անհույս հայտարարությունների դրդում Երեւանի ակտիվացած տեղեկատվական քաղաքականությունը, որը աշխարհին ներկայացնում է փաստերն իրական լույսի ներքո:
Միաժամանակ, Ալավերդյանն ընդգծել է, որ միջազգային հանրությունն արդեն վաղուց է, որ տեղի է տալիս Բաքվի ապակառուցողական դիրքորոշումներին: «Ադրբեջանի նախագահի բոլոր հայտարարությունները հակասում են միջազգային նորմերին եւ եթե միջազգային հանրությունը գոնե մեկ անգամ ադեկվատ արձագանքեր Բաքվի նման հայտարարություններին, Ալիեւը երբեք իրեն թույլ չէր տա կրակել թեկուզ դատարկ, բայց փամփուշտներով»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:
Նա կարծիք է հայտնել, որ Ալիեւի բոլոր այդ հայտարարությունները միջազգային հանրությանը ճնշելու փորձ են: «Առանց այդ էլ ԼՂ բանակցություններն ընթանում են բացասական եւ հակատարածաշրջանային հունով»,- ամփոփել է Ալավերդյանը:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես էր եկել հերթական ռազմաշունչ սպառնալիքներով ՝ հայտարարելով, որ եթե «հայկական կողմը շարունակի տորպեդահարել բանակցությունները», ապա Բաքուն կդիմի այլ մեթոդների եւ «կվերադարձնի իր հողերը»։ Նա նաեւ հայտարարել էր, որ Ադրբեջանն արել է ամեն բան, որպեսզի աշխարհից մեկուսացնի Հայաստանին, եւ որ Հայաստանը աշխարհագրական փակուղի է։





























