«Նաիրիտի» շուրջ կրքերը ժամանակավորապես հանդարտվեցին։ Բանվորները շուտով կստանան իրենց 1 ամսվա աշխատավարձը՝ ի վերջո նախագահի ներկայացուցիչը խոսք է տվել։
Սակայն ասել, որ հետագայում ամեն ինչ լավ կլինի, մեղմ ասած՝ ինքնախաբեություն է։ Դրանում կարելի է համոզվել, օրինակ, գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանի պարզաբանումներից։
Նա, ինչպես եւ նախկինում, պնդում է, որ գործարանը աշխատեցնելու համար հարկավոր է նվազեցնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը։ Ընդ որում՝ այդ հարցով դիմում է Ռուսաստանի իշխանություններին, թեեւ բոլորին էլ հայտնի է, որ մեր հանրապետության ներսում այդ սակագները հաստատում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, եւ այն երբեք էլ չի գնա առանձին գործարանի համար արտոնյալ սակագին սահմանելուն։ Չէ՞ որ այդ գազ եւ էլեկտրաէներգիա վաճառող ընկերությունները նույնպես մասնավոր են եւ շահույթ են հետապնդում։
Սակայն «Նաիրիտի» խնդիրներն իրականում այլ հարթության վրա են։ Ընկերությունը ուռճացրել է իր վարչական ծախսերը, անարդյունավետ է օգտագործել ԱՊՀ Միջպետական բանկից ստացված վարկը, չի իրականացրել ոչ մի ներդրում։ Այնինչ, երբ Rhinoville Property Limited-ը ձեռք բերեց «Նաիրիտը», մեզ բոլորիս խոստացան մինչեւ 2011 թ. 120 մլն դոլարի ներդրումներ՝ կաուչուկի ստացման ացետիլենային եղանակից բուտադիլենայինին անցնելու համար։ Բայց հետո պարզվեց, որ ներդրումները պետք է իրականացվեն ԱՊՀ միջպետական բանկի վարկերով, որը մինչ այդ, արդեն իսկ 70 մլն դոլար հատկացրել էր գործարանի առուվաճառքի գործարքը կայացնելու համար։ Հետագա վարկերը պարզապես ծախսվեցին նախորդ վարկի մարման նպատակով։
Այսպիսով՝ խնդիրն ավելի շուտ մենեջմենտի մեջ է, ոչ թե գազի սակագնի։ Ինքը՝ Վ. Մելքոնյանը խոստովանում է, որ ջերմային էներգիայի 60 տոկոսի կորուստ ունեն, եւ այդ ջերմությունը բաց է թողնվում շրջակա միջավայր։ Այսինքն՝ Երեւանը արհեստական ջերմացման աղբյուր ունի, ինչը լուրջ բնապահպանական ահազանգ է։ Փոխանակ այդ բնապահպանական վտանգը վերացվի՝ տնօրենը խոսում է սակագներից, հետո էլ փորձում հարցը քաղաքականացնել։ Այս պայմաններում, եթե անգամ սակագները «Նաիրիտի» համար հատուկ իջեցնեն, միեւնույն է՝ գործարանն իր առջեւ դրված խնդիրները չի լուծի։ Նշենք, որ գործարանի տնօրենը մասնավոր զրույցներում խոսում է այն մասին, որ 350 մլն եվրոյի պարտք ունեն։




























