Եթե առաջիկա ընտրությունները նույնքան կեղծվեն, ինչպես նախորդը, ապա «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը կօգտագործի քաղաքական պայքարի գործիքները այդ արդյունքները բողոքարկելու համար, այդ թվում հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածու Արման Մուսինյանը:

Դիտարկմանը, թե «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարել է, որ բողոքի ակցիաներ է կազմակերպելու եթե ընտրությունների արդյունքը չբավարարի, արդյոք «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը կմիանա՞ այդ ակցիաներին, Մուսինյանը պատասխանեց. «Եթե առաջիկա ընտրությունները նույնքան կեղծվեն եւ անցնեն նույն որակով, ինչպես նախորդը, ապա մենք կօգտագործենք քաղաքական պայքարի գործիքները այդ արդյունքները բողոքարկելու եւ հասարակության ձայնը բարձրացնելու ուղղությամբ: Թե ինչ կանեն դաշինքի գործիչները, սպասենք եւ տեսնենք»:

Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցում, ըստ էության, լեգիտիմացնում ու դավաճան չի համարում գործող իշխանություններին, Արման Մուսինյանն արձագանքեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը, մի ժամանակ ԱԳ նախարար լինելով, պետք է հասկանար` ինչ է ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Հարցին, թե արդյոք ընտրություններից հետո դաշինքը կհամագործակցի կամ կոալիցիա կկազմի՞ ընտրապայքարի մեջ մտած որեւէ ուժի հետ, Մուսինյանը նշեց, որ կոնկրետ հարցերի շուրջ միշտ էլ եղել է տարբեր ձեւաչափերի համագործակցություն։

Մուսինյանի խոսքով, դեռ որոշում չունեն մարտի 29-ին Ազատության հրապարակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի, թե ոչ: