Եթե նախընտրական փուլ  չլիներ, գուցե ֆինանսների հոսքն ավելի շատ լիներ: Այս մասին, նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ի առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը նախկինում հայտարարել էր, որ նախընտրական շրջանը շատ պասիվ է ներդրումների համար, մինչդեռ նախընտրական շրջանում «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը  եւ ռուսաստանաբնակ այլ գործարարներ  հայտարարեցին, որ ամեն կերպ աջակցելու են, ներդրումներ են անելու:

Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ նրանք նախկինում էլ են ներդրումներ արել, բայց բոլոր երկրներում էլ նախընտրական շրջանը պասիվ է ներդրումների համար. «Մենք մինչեւ այդ ակումբը բացելը հայտարարել ենք, որ մեկնարկում է 3,2 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր, որից 840 մլն՝ այս տարի: Ընդ որում՝ հասցեով տվել ենք ֆինանսական աղբյուրը՝ ո՞վ է անում, ի՞նչ նախագիծ է, քանի՞ աշխատատեղ եւ ի՞նչ մուլտիպլիկատիվ էֆեկտ: Եթե նախընտրական փուլ  չլիներ, գուցե ֆինանսների հոսքն ավելի շատ լիներ: Պայմանները պետք է կանխատեսելի լինեն»:

Պնդմանը, թե այդ ներդրումները պայմանավորված են վարչապետի անձով եւ այդ ակումբը  միայն ռուսական կապիտալն է ներկայացնելու, վարչապետն արձագանքելն է, որ այդ ակումբն արդեն բանակցում է  եվրոպական բանկերի հետ, որպեսզի այդ  բանկերը մտնեն այս ակումբի մեջ: Նա կարեւորել է, որ հեղինակավոր բիզնեսները Հայաստան կբերեն իրենց կորպորատիվ մշակույթը:

Կարեն Կարապետյանի խոսքով քաղաքացին տնտեսական վիճակի բարելավումն իր վրա կզգա, եթե կառավարությանը հնարավորություն  տա շարունակել իր աշխատանքը. «Պարբերաբար մեր քաղաքացին զգալու է, որ մենք լավ ուղղությամբ ենք գնում»: