ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ապրիլյան պատերազմի մեկամյա տարելիցի կապակցությամբ։

«Մեկ տարի է անցել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններից։

Կրկին ու կրկին խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների, սպաների ու քաղաքացիների հիշատակի առաջ: Այդ հերոս տղաներն իրենց կյանքի գնով պարտադրեցին դասեր քաղել եւ երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնել: Նրանք են վաղվա հզոր Հայաստանի երաշխավորը:

Համայն հայությունը այդ օրերին բացառիկ համախմբվածություն եւ միասնականություն դրսեւորեց:

Այսօր՝ մեկ տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարը, սադրիչ գործողություններ է ձեռնարկում, դարձյալ հայ զինվորներ են զոհվում։

Ադրբեջանը խոչընդոտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում միջնորդների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրումը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝

Շարունակելու է հետամուտ լինել, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները ստորագրեն ռազմաքաղաքական համագործակցության պայմանագիր. ինչը այլ պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման խթան կդառնա։

Պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների իշխանություններից լինել անաչառ եւ տարածաշրջանը ապակայունացնող Ադրբեջանին զսպելու քայլեր ձեռնարկել։

Վստահ է, որ մեր երկրում սկսված որակական փոփոխությունները  շարունակվելու եւ ամրապնդելու երաշխիքը քառօրյա պատերազմի օրերի հայության դրսեւորած միասնականությունն է: