Հարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչպես Հայաստանի հետ, տարածաշրջանում Ռուսաստանը ոչ ոքի հետ չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ Երեւանում ապրիլի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ անցյալ տարվա ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանի որոշ շրջանակներում նորաձեւ դարձավ կասկածել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը։ Ինչպես կարծում է Զատուլինը՝ այդ հարցերի պատասխանը տվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ «Իզվեստիա» պարբերականի հետ հարցազրույցում։ Հիշեցնելով, որ այսօր լրանում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը՝ Զատուլինն ընդգծել է, որ ոչինչ չի կարող այնպիսի կասկածների հիմք լինել, թե հարաբերությունների զարգացումը հեռանկարային բնույթ չի կրում։ Որպես անվտանգության մեխանիզմ՝ նա մատնանշել է ՀՀՊ համակագերն ու ուժերի խմբավորումները։
Զատուլինը վստահություն է հայտնել այն բանում, որ Ռուսաստանում եւս դասեր են քաղել։ Նրա խոսքով՝ վերազինումը, զորքերի միացյալ խմբավորման վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը պետք է համոզեն Հայաստանին հարաբերությունների անքակտելիության մեջ։
Նշելով, որ իր աշխատանքի բերումով աջակցում է նախագահի աշխատանքին՝ Զատուլինը միաժամանակ նշել է նաեւ, որ հնարավոր է տարածաշրջանում հավասարակշռությունը խախտվել է Ադրբեջան սպառազինություններ մատակարարելով։
«Կարծես թե, խոսքը զենքի շուկայի մասին է, բայց չեն կարող հետքեր չմնալ այն բանից հետո, երբ Ադրբեջանը դրանք կիրառեց։ Սակայն դրանից հետո Հայաստան են մատակարարվել այնպիսի համակարգային սպառազինություններ, որոնք, ի տարբերություն Ադրբեջանի, գնված չեն, այլ վարկով են տրվել կամ անվճար հիմունքներով», - նշել է պատգամավորը։
Հայաստան սպառազինություն մատակարարելու ենթատքեստում նա կարծիք է հայտնել, որ ռազմական գործողությունները հազիվ թե վերսկսվեն այն նույն ինտենսիվությամբ, ինչ անցյալ տարի։
«Հույս ունեմ, որ մատակարարումները վերականգնել են հավասարակշռությունը եւ նվազեցրել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունները»,-նկատել է Զատուլինը՝ հավելելով, որ «Մի հավատացեք նրանց, ովքեր ասում են, թե Ռուսաստանում եզրակացություններ չեն արվել։ Ռուսաստանում եզրակացություններ միշտ արվում են»։




























