Այս աշնանը Լոնդոնի միակ ակադեմիական հայագիտական դասընթացը նշում է վերաբացման առաջին տարեդարձը: 2009 թվականի սեպտեմբերին` 30 տարվա ընդմիջումից հետո, Լոնդոնի Արեւելագիտության եւ աֆրիկագիտության համալսարանում ուսանողները դարձյալ հնարավորություն ստացան հայերեն, հայ գրականություն ու հայոց պատմություն սովորելու: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը `նշելով, որ ծրագրի ավարտին նրանք ստանում են հայագիտական դասընթացի վկայական:
Ծրագիրը վերաբացվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ:
Գրիգոր Մոսկոֆյանը արեւմտահայերեն եւ հայ գրականություն է դասավանդում, իսկ Նիկոլ Դորթման Լազարեւ` հայոց պատմություն:
«Դժբախտաբար սերտիֆիկատի ծրագրին շատ հետեւողներ չկան, անցած տարի մեկ ուսանող ունեինք, այս տարի եւս մեկ ուսանող ունենք: Բայց սերտիֆիկատի ծրագրից դուրս մեր համալսարանի ուսանողները եւ մեր համալսարանից դուրս գտնվող ուսանողները կհետեւեն հայոց պատմության եւ հայերենի դասընթացների: Ունենք մի խումբ օսմանագետներ, որոնց համար հայերենը օսմանյան կայսրության փոքրամասնության լեզու լինելով` իրենց ուսումնասիրության կարեւոր գործիք է: Ուրիշ խումբ ունենք` հայկական ծագումով, որոնք կհետեւն մեր դասընթացներուն:
3-րդ խումբն ընդհանուր հետաքրքություն ունեցողների խումբն է»,-նշեց Գրիգոր Մոսկովֆյանը:
Եկատերինան, ում հայրը հայ է, մայրը` հույն, այս տարի է սկսել սովորել հայերեն:
«Հայրս հայերեն չի խոսում, բայց Սալոնիկում ես գնացել եմ հայկական դպրոց, սակայն ամեն բան մոռացել եմ, հիմա ավելի հիմնավոր եմ սովորում հայերենը: Ես դոկտորական աշխատանք եմ պատրաստում հետսովետական Երեւանի եւ միգրացիայի մասին եւ հայերեն սովորելն ինձ անհրաժեշտ է ոչ միայն անձնական շփումների, այլեւ մասնագիտական առաջընթացի համար»,- ասել է նա:
Ալյան ծնվել է Բրիտանիայում, սակայն ծնողները Հնդկաստանից են, հայկական արմատներ չունի, պարզապես ուզում է սովորել լեզուն եւ ծանոթանալ հայ մշակույթին:
«Հենց առաջին շաբաթը ես դասախոսին հարցրի հայերենի եւ հնդկերենի նմանության մասին, քանի որ այդ մասին ինձ հաճախ էին ասել: Սակայն մինչ այժմ ես ոչ մի նմանություն չեմ տեսել: Հայերենը յուրօրինակ լեզուէ, ոչ մի այլ լեզվի նման չէ: Մի քիչ դժվար է, բայց Գրիգորը լավ դասախոս է, մենք արդեն կարողանում ենք գրել եւ նախադասություններ կազմել:
Գրիգոր Մոսկոֆյանի խոսքով, Լոնդոնի հայ համայնքը Փարիզի կամ Լոս Անջելոսի համայքների նման մեծ եւ հզոր չէ եւ այստեղ հետաքրքրությունը հայագիտության նկատմամբ համեմատաբար քիչ է: Անցած մի քանի շաբաթներին համալսարանում կազմակերպված հայագիտական թեմաներով դասախոսությունների եւ միջոցառումների նպատակը ոչ միայն ծրագրի մեկամյակը տոնելն էր, այլեւ դրա շուրջ հետաքրքրություն առաջացնելը:




























