Հայ առաքելական եկեղեցին Վրաստանում կարգավիճակ չի ստանա։ Մենք Էջմիածնի եկեղեցուն Վրաստանում կարգավիճակ չենք տա։ Այս մասին «Թբիլիսիի հայ համայնքը. խնդիրներ եւ հեռանկարներ» խորագրով կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Վրաստանի ռեինտեգրացիայի եւ իրավունքների պաշտպանության փոխնախարար Ելենա Թեւդորաձեն։

«Բնականաբար, մենք շատ խնդիրներ ունենք։ Սակայն միասին պետք է մտածենք՝ ինչպես անել, որ բոլոր ազգությունների մեր քաղաքացիներին օգնենք տիրապետել վրացերենին, եւ դրա հետ համատեղ ինչպես պահպանել մայրենի լեզուն»,- ասել է նա։

Ամենացավոտ հարցերից մեկը եղել է Հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես ճանաչելու հարցը։ Այս հարցը բարձրացրել է նաեւ Վատիկանի ներկայացուցիչ Կլաուդիո Գուգերոտտին։ Ելենա Թեւդորաձեն խոստովանել է, որ երկրի Սահմանադրության համաձայն, բոլորը կրոնական պատկանելության իրավունք ունեն։  

Նա միեւնույն ժամանակ հայտարարել է. «Բայց մենք Էջմիածնի եկեղեցուն Վրաստանում կարգավիճակ չենք տա, որովհետեւ այն Հայ առաքելական եկեղեցին, որը գոյություն ունի Վրաստանում, այսպես կոչված մասնաճյուղ է։ Մեկ անգամ եւս կրկնում եմ՝ Էջմիածնի եկեղեցին Վրաստանում չի ճանաչվի»։ Դրանից հետո Թեւդորաձեն լքել է դահլիճը։