Մենք հիշում ենք այն բոլոր զինծառայողներին, որոնք վիրավորվել էին անցյալ տարվա ապրիլյան իրադարձությունների ժամանակ՝ նրանք բոլորը մեզ համար հատուկ էին: Ապրիլի 7-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարարության Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժամունքի վարիչ, բուժծառայության փոխգնդապետ, անեստեզիոլոգ, ռեանիմատոլոգ Գայանե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր վիրավորներին իրենք հատուկ ուշադրությամբ եւ հոգատարությամբ են վերաբերվել: «Այս պահին չեմ ցանկանում որեւէ մեկին առանձնացնել, քանի որ բոլորին մեր երեխաների նման էինք վերաբերվում: Յուրաքանչյուր կյանքի համար մինչեւ վերջ պայքարում էինք»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Այնուհետեւ ռեանիմատոլոգը շարունակեց, որ այս մասնագիտության յուրահատկությունը զգացմունքներին չտրվելն է: «Եթե չես կարողանում զգացմունքներդ կառավարել, ապա չպետք է բժիշկ աշխատես: Իհարկե, դժվար էր այդ օրերին սառնասիրտ մնալ, սակայն մենք կարողացանք ամեն ինչ հաղթահարել, քանի որ մեր վիրավորների հանդեպ մայրական մոտեցումը շատ բան փոխեց: Շատ կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք նրանց ոտքի կանգնեցնել»,- հավելեց Գայանե Հովհաննիսյանը: