Երեւանում ապրիլի 10-ին երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացածի եւ վիրավորի ինքնությունը պարզվել է:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ ապրիլի 10-ին, ժամը 19:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Կենտրոնական գերեզմանատնից դեպի Գաջի գործարան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար:

Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի 34 NZ 227 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել քարերին:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են 24-ամյա Աշոտ Դովլաթյանի դին, իսկ 26-ամյա Գ. Կ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, վթարից հետո նաեւ միջադեպ է տեղի ունեցել: Օգնության եկած՝ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներին եւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին դեպքի վայրում մի քանի երիտասարդներ սկսել են քարերով հարվածել, վնասել նրանց մեքենաները: Երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանություն: