Քալիֆորնայի Սան Բերնարդինոյի տարրական դպրոցում հրաձիգի թիրախը երեխաները չէին, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը: Հրաձգության հետեւանքով 2 մարդ մահացել է՝ ուսուցիչը եւ ըստ ամենայնի՝ կրակողը: Վիրավորվել է երկու աշակերտ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանությունը տեղի ունեցածը «սպանություն» եւ «ինքնասպանություն» է անվանել:

Ոստիկանությունից դեռեւս չեն հայտնում զոհվածների եւ վիրավորների անունները, սակայն հայտնի է, որ հրաձիգի զոհն է դարձել կին: Հարձակման դրդապատճառները նույնպես հայտնի չեն: Ավելի վաղ ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ավելի շուտ պատճառը կենցաղային հիմքով վեճն է: «Մենք կարծում ենք, որ ուսուցչուհին հրաձիգին ճանաչում էր»,- ասել են ոստիկանները:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Սան Բերնարդինոյի Inland շրջանային կենտրոնում, որը սպասարկում է հոգեկան խանգարումներով մարդկանց, զանգվածային սպանդ է իրականացվել, որի հետեւանքով զոհվել է 14 մարդ, 22 մարդ վնասվածքներ է ստացել: Հրաձիգներն ամուսիններ էին՝ Սայեդ Ռիզվան Ֆարուքը եւ Թաշֆին Մալիքը, որոնք սպանվել են ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ: