Կրեմլում չգիտեն, թե ինչի վրա են հիմնված Լեհաստանի կառավարական հանձնաժողովի հայտարարությունները Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկու Տու-154 օդանավում տեղի ունեցած պայթյունի մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ո՛չ, մենք դա չենք կարող մեկնաբանել, մենք չգիտենք՝ այս հանձնաժողովն ինչով է առաջնորդվել, ինչով է հիմնավորել իր եզրակացությունները: Քննչական մարմնի տնօրինության տակ կան որոշակի տվյալներ եւ օդանավի սրահի խոսակցությունների ձայնագրությունը, նաեւ օդաչուների եւ կարգավորիչների ձայնագրությունները, որոնք նման վկայություններ չեն պարունակում: Տվյալ դեպքում մենք տեղյակ չենք, թե այս հանձնաժողովն ինչով կարող էր առաջնորդվել»,- հայտարարել է Պեսկովը՝ ի պատասխան լեհական հանձնաժողովի եզրակացությունները մեկնաբանելու խնդրանքին:
Նախօրեին Լեհաստանում ստեղծված կառավարական ենթահանձնաժողովը, որը զբաղվում է Սմոլենսկի մոտ երկրի նախագահ Լեհ Կաչինսկու Տու-154 օդանավի կործանման պատճառների քննությամբ, հայտնել է ընկնելուց առաջ օդանավում տեղի ունեցած պայթյունի մասին:




























