Չինացի գիտնականները վայրի բնության մեջ հայտնաբերել են խոլորձի հազվագյուտ տեսակ՝ Changnienia amoena-ն։ Անսովոր հայտնագործությունն արվել է Գանսու նահանգում՝ մեծ պանդաների պոպուլյացիայի ուսումնասիրության համար նախաձեռնված գիտարշավի ժամանակ, հայտնում է Սինհուան»։
Ապրիլի 8-ին, գիտնականները «Բայշույցզյան» արգելոցում փնտրում էին պանդաների հետքեր, բայց հայտնաբերել են մի ամբողջ հովիտ՝ հազվագյուտ խոլորձով ։ Ի զարմանս կենսաբանների՝ փոքր տարածքում ավելի քան 40 ծաղիկ կար։
Ավելի վաղ արգելոցում տեսել էին այդ բույսը, սակայն ոչ այդքան մեծ քանակությամբ, նշում են մասնագետները։ Բացի դրանից, վերջին 2-3 տարիներին գիտնականները որեւէ վայրում չէին նկատել այդ հազվագյուտ խոլորձը։
Changnienia amoena խոլորձը Չինաստանի համար էնդեմիկ բույս է։ Այն շատ հազվադեպ է հանդիպում բնության մեջ ու ընդգրկված է պետության կողմից պաշտպանվող բույսերի ցանկում։ Դրա հատկանիշներից է մեկ ծաղիկն ու մեկ խոշոր տերը։ Changnienia amoena-ն իր տեսակի մեջ միակ ներկայացուցիչն է, դրա համար էլ բույսն ունի մեծ նշանակություն խոլորձների հին տեսակների ուսումնասիրության ու բույսերի դասակարգման համար։




























