«Ես միշտ ասել եմ, որ եթե լինեմ նոր Ազգային ժողովում, շատ չեմ ուրախանա, եւ եթե չլինեմ, ապա շատ չեմ տխրի. Ազգային ժողովում չլինելը դժբախտություն չէ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, ով նոր խորհրդարանում այլեւս մանդատ չի ունենա:

Անդրադառնալով 5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեությունը, նա նշեց. «Ամենեւին չեմ կարծում, որ իմ օգտակարության գործակիցն իշխանությունը ցածր է գնահատել: Ես ինքս իմ աշխատանքը գնահատում եմ միջին, միջինից մի քիչ էլ բարձր, որովհետեւ, լինելով նոր մարդ ԱԺ-ում՝ երեքշաբթի օրվա ոչ մի հայտարարություն բաց չեմ թողել եւ գաղափարական, հոգեւոր հարցերի շուրջ եմ փորձել խոսել»:

Վահրամ Մկրտչյանը դրական է գնահատում գործող խորհրդարանի աշխատանքը եւ հույս ունի, որ նոր խորհրդարանն ավելի լավը կլինի. «Եղել են նաեւ ոչ արդյունավետ պահեր, օրինակ՝ շատ պատգամավորներ ամբիոնն օգտագործել են ժամավաճառության տեսանկյունից: Իրենց թվացել է, որ այդպես իրենց վարկանիշն են բարձրացրել: Կարծում եմ, որ նոր խորհրդարանում այդպիսիք քիչ կլինեն, եւ նոր խորհրդարանն ավելի լավ կաշխատի»:

Մկրտչյանը նշեց, որ պոպուլիստների գործունեության գնահատականը տրվեց ապրիլի 2-ին, ժողովրդի կողմից. նրանք խորհրդարան չմտան:

ՀՀԿ-ական փողատեր, լռակյաց պատգամավորների վերաբերյալ Մկրտչյանը նշեց. «Փողի մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետեւ այդպիսի դեպքերի ականատես չեմ եղել: Իսկ ինչ վերաբերում է քչախոս կամ չխոսկան պատգամավորներին, մենք մոռանում ենք մի բան`պատգամավորական գործունեությունը միայն ամբիոնում ճառելը չէ: Կա մի ստվար աշխատանք`հենց ընտրողի հետ աշխատանքը: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ ռեյտինգային թեկնածուներն ավելի լուրջ ներդրում են կարողանում ունենալ քվեների մեջ`հենց իրենց անմիջական կապերի շնորհիվ ընտրողի հետ»: