«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստին այսօր՝ ապրիլի 12-ին, ցուցմունք է տվել նրա աշխատակիցը՝ Ինգա Կիրակոսյանը: NEWS.am-ի հետ զրույցում Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ինգա Կիրակոսյանն այսօր իր ցուցմունքում նշել է, որ Անին իրեն չի ասել, թե որ բանկեր զանգահարի գովազդային առաջարկության համար:
«Նա ասաց, որ իր նախաձեռնությամբ է զանգել տարբեր բանկեր, այդ թվում եւ «ՎՏԲ Հայաստան բանկ», իսկ Անին իրեն ոչ մի բան չի ասել»,-ասաց պաշտպանը:
Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ դատարանում հրապարակվել է նաեւ Ինգա Կիրակոսյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ դատախազը գտել է, որ դատավարության եւ նախաքննական ցուցմունքի միջեւ կան էական հակասություններ. «Ըստ էության, Ինգան նաեւ նախաքննական ցուցմունքում էլ է նշել, որ «ՎՏԲ Հայաստան» բանկ իր նախաձեռնությամբ է զանգահարել, բաց քննիչը կոնկրետ «ՎՏԲ Հայաստան» բանկի մասին է իրեն հարցրել, ինքն էլ նշել է, որ իր նախաձեռնությամբ զանգել եւ գովազդ է առաջարկել»:
Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:
Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով: Նա կալանավորված է:




























